Ի՞նչ է պատմությունը

Հարգելի ընթերցող, շատ տեքստերում դու կգտնես «Պատմություն»  գիտության բացատրությունն առ այն, որ այն գիտություն է, որն ուսումնասիրում է անցյալը: Սակայն թույլ տվեք չհամաձայնել այդ բացատրության հետ և Ձեզ ներկայացնել  մի փոքր այլ մեկնաբանություն, որը վերաբերում է պատմությանն ընդհանրապես:

Պատմություն բառը (հունարեն-ἱστορία) առաջացել է Հին Հունաստանում: Բառը սկզբնապես ունեցել է հետևյալ նշանակությունները` հարցում, ճանաչում, վերականգնում: Հետագայում` ավելի ուշ, այն դարձել է  առանձին գիտության անվանում: Պատմությունը գիտելիքների շրջանակ է հասարակագիտական գիտությունների շարքում: Այն զբաղվում է մարդու, ընդհանրապես նրա գործունեության ուսումնասիրությամբ (գործունեություն, կարգավիճակ, աշխարհայացք, սոցիալական կապեր, մարդկային կազմակերպման ձևեր և այլն):

Առավել նեղ առումով պատմությունը  գիտություն է, որն ուսումնասիրում է բոլոր հնարավոր աղբյուրներն անցյալի մասին, որպեսզի վերականգնի դեպքերի հետևանքները, պատմական գործընթացները, անի հետևություններ պատճառների մասին և անհրաժեշտության դեպքում կանխարգելի դրանք ապագայում:

Պատմությունը գիտություն չէ մահացածների մասին: Պատմությունն անցյալական  չէ: Ինչպես ասում է հայտնի մտածողը` լավագույն ուսուցիչը պատմությունն է, վատագույն աշակերտները` մենք, որ պատմությունից ոչինչ չենք սովորում:

Տարբեր ժամանակաշրջաններում պատմության վերաբերյալ ընկալումները եղել են տարբեր: Սակայն այն սկզբնական ձևի մեջ դիտարկվել է  որպես ցանկացած տիպի հետազոտություն: Մեր խնդիրն է`  ընթերցողին հասցնել այդ սկզբնական ձևը, երբ վերանալով անգիրի տիպաբանությունից` ընթերցողը կարող է ինքնուրույն հետազոտել, համադրել, վերլուծել, եզրակացնել:

Պատմությունն ունի մի շարք օժանդակ գիտություններ, որոնք են` ազգագրություն, հնագիտություն, մշակութաբանություն, սոցիալ-մշակութային մարդաբանություն, դրամագիտություն և այլն:

Մաղթում ենք բարի ընթերցանություն այս բլոգում:

Եվ հիշեք. անցյալը հիշեցնում է, ներկան փախչում է, իսկ ապագան` վախեցնում:

Վահրամ Թոքմաջյան

Leave a comment