10-րդ դասարան։ Թեմա 4. Թզուկների քաղաքակրթություն

Թզուկների քաղաքակրթություն

Վստահ եմ, որ լսած կլինեք թզուկների՝ այն ցածրահասակ արարածների մասին. հավանաբար հեքիաթներից եք լսել: Նրանք միֆակա՞ն կերպարներ են, թե՞ իրական, գոյություն ունեցող: Եկեք՝ մի փոքր ուսումնասիրենք:

2004 թվականին ինդոնեզիական Ֆլորաս կղզու Լիանգ Բուա քարանձավում մի խումբ ամերիկացի հնէաբաններ 1մ հասակ ունեցող մարդու կմախք հայտնաբերեցին: Սկզբում գիտնականները կարծեցին, թե երեխայի ոսկորներ են գտել, ով հավանաբար մոլորվել էր ստորգետնյա կատակոմբերում և այնտեղ մահացել: Սակայն ավելի ուշադիր և մանրամասն ուսումնասիրությունները հնէաբաններին շոկի մեջ գցեցին. կմախքը պատկանում էր մեծահասակ արարածի, իսկ ինքը՝ գտածոն, ավելի քան 18 հզ տարեկան էր: Ուրեմն ի՞նչ արարած էր դա:

Գիտնականները բազմաթիվ տարբերակներ առաջարկեցին, սակայն վերջիվերջո եկան այն եզրակացության, որ կմախքը պատկանում է թզուկի: Թզուկները, որոնց մինչ այսօր կարծում էինք, թե միայն երևակայության արդյունք են, հեքիաթների հերոսներ և ուրիշ ոչինչ, պարզվում է, որ ոչ միայն գոյություն են ունեցել, այլև հիմա էլ ապրում են մարդկանց հարևանությամբ:

Որոշ հետազոտողներ ավելի քան վստահ են, որ թզուկներն այսօր էլ ապրում են և որպես ապացույց՝ բերում են բազմաթիվ հին և նոր օրինակներ: Ահա մի այսպիսի օրինակ. Նեվբրելսի տեղական գրադարաններից մեկում պահվող հնամյա մի ձեռագիր վկայում է, որ 1698 թվականին հեքիաթային թզուկ հիշեցնող ինչ-որ կարճահասակ վախեցրել է ուրալյան հանքագործի: Այդ արարածը 20 սմ-ից ավելի չէր, նա կանգնած էր քարանձավի մուտքի մոտ, նրա ձեռքին վառ բյուրեղապակի կար: Մարդուն հանդիպելուց անմիջապես հետո թզուկն անհետացավ գետնի տակ, իսկ քարը մնաց: Գիտնականներին այդպես էլ չհաջողվեց պարզել, թե դա ինչ քար էր:

Կամ մի այսպիսի օրինակ. Կոլական թերակղղում ապրող Լապարեյների և նրանց հարևան Սաարեյների մոտ տարածված է մի լեգենդ գետնի տակ ապրող թզուկների մասին: Տեղացիները նրանց անվանում են «սայվոկ»: Լապարեյները հաճախ գետնի տակից լսում էին տարօրինակ ձայներ և մետաղի զնգոց, դա ազդանշան էր. յուրդերը հարկավոր է տեղափոխել մեկ այլ վայր, քանի որ այն փակում է թզուկների ստորգետնյա մուտքը:

Թզուկները զբաղվում էին հանքափորությամբ՝ ոսկի և արժեքավոր քարեր գտնելով: Երբ եկան հանքափորները, թզուկները, հավաքելով իրենց հարստությունները, անցան գետնի տակ, ասես մասսայական թաղում լիներ: Խնդիրն այն է, որ Ուրալից Սկանդինավիա տարածքներում (ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թզուկներն այդտեղ են եղել) մասսայական թաղման ոչ մի հետք չկա:

Մեկ այլ հետաքրքիր ապացույց. Հարավային Օրկնեյան կղզիներից մեկում Սկարա Բրե անունը կրող տարածքում (այնտեղ սովորական բուսականություն էր, ոչ այնքան բարձր խոտածածկ), մի անգամ ուժգին մրրիկը քանդեց բլուրներից մեկի վերին մասը, և այտեղ հայտնաբերեցին մի բնակավայր՝ տներ, սենյակներ և կենցաղային բազմաթիվ իրեր: Գիտնականների համար հանելուկ էր այն, որ տները պատրաստված էին ցածրահասակ մարդկանց համար, միջին հասակով մարդը դժվարությամբ այնտեղ կմտներ: Թզուկների՞ բնակավայրն էր դա: Ո՞ւր են անհետացել հիմա թզուկները, միգուցե էլ ավելի խորն են իջել ավելի ապահով տեղ գտնելու նպատակով:

Լավ, ենթադրենք թզուկներն իսկապես գետնի տակ են բնակվել, սակայն 3,5-4 կմ խորություններում ջերմաստիճանը հասնում է 55-60 աստիճանի, հնարավոր է, որ թզուկներն իրենց հովացնելու ունակություն ունեն: Իսկ քարանձավային կամ ստորգետնյա սնունդը… չէ՞ որ այնտեղի բուսականությունը (եթե անգամ կա) արևից չի սնուցվում, միայն սնկեր և  միջատներ կան:

Այս բոլոր ապացույցներով հանդերձ՝ միևնույն է՝ թզուկների գոյության հարցը մնում է որպես  շատ բարդ հանելուկ:

 

Հետաքրքիր էջեր.

 

 

 

10-րդ դասարան։ Թեմա 3. Դելֆինների քաղաքակրթություն

Դելֆինների քաղաքակրթություն

Լսե՞լ եք Բազելի (Շվեյցարիա) կենդանաբանական ինստիտուտի պրոֆեսոր Ա. Պորտմանի մասին։ Նա իր ուսումնասիրությունների արդյունքում ներկայացրել է մտավոր կարողությունների, բանականության աղյուսակ, ըստ որի՝ մարդն առաջին տեղում է (214 միավոր), դելֆինը՝ երկրորդ (195 միավոր), երրորդ տեղում փիղն է (150 միավոր), իսկ կապիկը, որին հաճախ համարում ենք մեր ամենամոտ ազգականը, չորրորդ տեղում է (63 միավոր)։ Ստացվում է, որ մարդու ամենամոտ ազգականը դելֆինն է։
Այս փաստին գումարենք այն, որ դելֆինների ուղեղն ավելի մեծ է (մարդունը կշռում է 1400 գ, իսկ դելֆինինը՝ 1700 գ)։ Ավելացնենք նաև դելֆինների մի շարք կարողություններ, հնարավորություններ ու հմտություններ, որոնց մեջ նա գերազանցում է մարդուն: Ուրեմն էլ ի՞նչն է խանգարում նրանց ունենալ սեփական, մշակված քաղաքակրթություն։ Կարող ենք ասել, որ ոչինչ չի խանգարում։

Հաճախ մարդիկ խոսում են այն մասին, թե որքան հրաշալի կլիներ, եթե քաղաքակրթությունը հիմնված լիներ ոչ թե նյութական հարստությունների, այլ իրար հանդեպ հոգատար լինելու վրա։  Մինչև մարդիկ այս տեսակ բաներ են խոսում և զենքեր արտադրում, դելֆինները վաղո՜ւց այլ ճանապատհով են գնացել. զենք ստեղծելու և աշխարհը նվաճելու փոխարեն նրանք ներդաշնակորեն ընդգրկվեցին շրջապատող աշխարհում: Բացի այդ՝ նրանք ունեն այն ամենը, ինչ պետք է «նորմալ» քաղաքակրթություն ստեղծելու համար:

Արագություն: Արագությունը մեր ժամանակակից աշխարհի ամենակարևոր բնութագրիչներից մեկն է, չնայած արագ տեղաշարժվել մարդիկ կարող են միայն համապատասխան սարքավորումների միջոցով: Իսկ դելֆինները առանց որևէ բանի կարողանում են 36-40 կմ/ժ արագությամբ երկար տարածություններ լողալ:

«Արտացոլված տեսողություն»: Մարդիկ երբեք չեն բավարարվում նրանով, ինչ ունեն, ուստի ստեղծում են ամենատարբեր տեխնոլոգիաներ՝ աստղադիտակներ, Էխո-լոկատորներ և այլն: Իսկ դելֆինները բավարավում են այն ամենով, ինչ ստացել են բնությունից, ավելի կատարելագործելով և զարգացնելով իրենց օրգանիզմները, որի շնորհիվ էլ կարողանում են յուրացնել աշխարհը:
Ի տարբերություն շատ կենդանիների՝ մարդիկ վատ են տեսնում, հաճախ հարկ է լինում հենց ծնված օրվանից ակնոց կրել, իսկ ջրում հազարավոր անգամներ ավելի վատ ենք տեսնում:

Սակայն դելֆինների մոտ ամեն ինչ այլ է, նրանք շատ ավելի լավ են տեսնում և կողմնորոշվում տարածքում: Դա արվում է շնորհիվ իրենց «էխո-լոկատորների» (դրանք կաթնասունների գլխում են), նրանք բաց են թողնում համապատասխան հաճախականությամբ ազդանշաններ, որոնք էլ, անդրադառնալով շրջապատի առարկաներից, վերադառնում են դելֆինի մոտ: Գնահատելով ձայնի անդրադարձման արագությունը՝ դելֆինը կարողանում է կողմնորոշվել, թե ինչ տեսք ունի իրեն շրջապատող աշխարհը:

Ստորջրյա զրույց: Եվս մեկ բան, որն անհրաժեշտ է քաղաքակրթություն ստեղծելու համար՝ լեզու (լեզուն մարդկանց տարբերում է մյուս կենդանիներից): Լեզվի շնորհիվ հասարակության անդամները հաղորդակցվում են միմյանց հետ, տեղեկատվություն փոխանակում, քննարկում:

Դելֆինները ակտիվորեն շփվում են միմյանց հետ սուլելով և կտկտացնելով (щелканья), նրանց լեզուն ավելի բարդ է, քան մարդկային լեզուները: Ամեն դելֆին ունի իր անձնական «անունը»՝ յուրատեսակ սուլոցներ, որոնց արձագանքում են, երբ իրենց կանչում են:

Համենայն դեպս, դելֆիններն իրար հետ փոխանակում են շատ կարևոր տեղեկություններ:

Մշակութային առանձնահատկություններ: Դելֆինները նույնպես ունեն մշակույթ, մշակութային առանձնահատկություններ: Դա ավելի խիստ արտահայտված է կետադելֆինների (косатка) մոտ: Կետադելֆինները տարածված են բոլոր օվկիանոսներում, և նրանց համայնքն առանձնանում է ապրելակերպով, վարքով և նույնիսկ ԴՆԹ-ով:

Կետադելֆիններին այլ կերպ կարելի է հմուտ որսորդներ անվանել, որոնք ունեն որսալու լուրջ մշակված և բարդ տեխնիկա: Ի դեպ, կետադելֆինների տարբեր համայքններում որսալու տեխնիկաները տարբեր են: Օրինակ՝ Արգենտինայում և Կրոզեի կղզիներում կետադելֆինները հարձակվում են մաշկոտանիների հետևից, վերջիններս, կարծելով, թե ցամաքում ավելի անվտանգ է, գնում են այնտեղ, իսկ կետադելֆինները նրանց ետևից նետվում են, բռնում որսին և ետ լողում դեպի օվկիանոս: Սա շատ բարդ տեխնիկա է, մայրերն այն հատուկ սովորեցնում են իրենց ձագերին:

Բարի զենք: Շատ անգամներ դելֆիններն «օգտագործվել» են որպես զինվորներ: Նրանց փորձում էին սովորեցնել գտնել թշնամուն, սպանել նրան: Սակայն ասում են,  որ դելֆինները շատ դեպքերում մեկ անգամ մարդուն սպանելուց հետո հրաժարվում էին կատարել որևէ հրաման:

Դելֆինների էխո-լոկատորների շնորհիվ կարողանում էին գտնել ականները  և ականների գտնվելու տեղերում լողաններ էին տեղադրում,  որպեսզի մարդիկ իմանան դրանց գտնվելու վայրի մասին:

Սակայն ներկայումս դելֆինների օգնությամբ գիտնականները կարողանում են գտնել կորած նավերը, տարբեր հին իրեր:

Հավերժ երեխա: Եվս մեկ զարմանալի գիծ դելֆինների մոտ՝ ընկերասիրությունը: Այս կենդանիները սիրալիրությամբ շփվում են ոչ միայն իրենց տեսակի, այլև մարդկանց, շների և անգամ կատուների հետ:
Մեր օրերում հոգեբանները դելֆինաթերապիայի միջոցով օգնում են սոցիալիզացիայի հետ խնդիրներ ունեցող երեխաներին՝ լուծելու իրենց խնդիրները:
Եվ ի տարբերություն մեծահասակ մարդկանց՝ մեծահասակ դելֆինները ժիր են և ուրախ, ինչպես փոքրիկները: Ի դեպ, համարվում է, որ շարունակական մանկությունը, հետաքրքրասիրությունը և ձգտումը դեպի նորը պայմանավորում են մարդկանց հաջողությունն ու օգնում են ստեղծելու քաղաքակրթություն: Եթե այսպես է, ուրեմն դելֆիններն ավելի մեծ հեռանկարներ ունեն:

Օգտակար աղբյուրներ ռուսերենով՝ ավելին իմանալու համար.

Հետաքրքիր տեղեկություններ դելֆինների մասին հայերենով.

Հետաքրքիր տեսանյութեր և ֆիլմեր.

10-րդ դասարան։ Թեմա 2. Ստորջրյա քաղաքակրթություն

Ստորջրյա քաղաքակրթություն

Մեր մոլորակի երկու երրորդը պատված է ջրով: Օվկիանոսի խորքերն ավելի քիչ են ուսումնասիրված, քան տիեզերական տարածությունները: Կան բազում փաստեր և ապացույցներ, որ գոյություն ունի ստորջրյա քաղաքակրթություն, որի բնակիչներն իրենց զարգացվածության մակարդակով գերազանցել են Երկրի բնակիչներին:

Ստորջրյա կիսամարդ-կիսաձուկ բնակիչների մասին (ովքեր ապրում էին պարսկական ծովածոցի խորքերում), պատմել են շումերները: Այդ արարածներին նրանք անվանում էին «օաններ»: Շումերների կավե արձանագրություններում ասվում է, որ առավոտյան նրանք ջրից դուրս էին գալիս ևմարդկանց գիտություններ և արվեստ են սովորեցնում: Օանների շնորհիվ շումերները սովորեցին գրել, տներ կառուցել և զբաղվել գյուղատնտեսությամբ: Նրանք, ինչպես մենք, խոսում էին մարդկային ձայնով: Երբ արևը մայր էր մտնում՝ օանները հեռանում էին՝ գնալով ջրի խորքերը:

Հիմա կհարցնեք՝ իսկ ինչու հիմա կապ չկա մարդկանց և ստորջրյա արարածների միջև: Ըստ մեզ հասած տեղեկությունների` այդ կապն ընդհատվել է մարդկանց պատճառով: Մարդկանց հետ շփման արդյունքում ստորջրյա բնակիչները եկան այն մտքին, որ մարդիկ չափազանց ագրեսիվ են, խաբեբա և նախանձոտ:

1968 թվին Գրեյթ-Այզեկ-Լայթ փարոսի (գտնվում է Բերմունդյան եռանկյունու տարածքում) մոտակայքում սուզված ջրասուզակը 12 մ խորության վրա նկատեց անծանոթ կենդանի: Մոտեցավ, ավելի ուշադիր զննեց. կենդանու դեմքը նման էր կապիկի դեմքի, բավականին երկար վիզ ուներ, իսկ աչքերը մարդու աչքերի համեմատ զգալիորեն խոշոր էին: Ուշադիր նայելով նրան՝ կենդանին անհետացավ:

1902 թվականին Գվինեական ծովածոցի մոտ բրիտանական նավատորմը՝ «Ֆորտ Սոլսբերին»,  հանդիպեց ահռելի չափերի հասնող տարօրինակ օբյեկտի: Սկզբում նրանք ջրի վրա ընդամենը երկու կարմիր կետ նկատեցին, սակայն հեռադիտակով 180 մ երկարություն ունեցող առարկա տեսան, որի վերջնամասում կրակներ էին վառվում:

Նավատորմի բոլոր անդամներն այն կարծիքին էին, որ անծանոթ օբյեկտը ջրասուզման ապարատ էր: Սակայն ասում են նաև, որ օբյեկտի մակերևույթը պատված է եղել թեփուկներով: Գիտությանն անհայտ կենդանի՞ էր, թե՞ սուզանավ կամ նման մի ապարատ՝  չենք կարող ասել…

Այս տեսակ օրինակները շատ են: Խորհրդավոր օբյեկտներ հաճախ են հանդիպում: Սակայն մարդկությունը, դեռ չունենալով համապատասխան հնարավորություններ, չի կարողանում գնալ օվկիանոսների խորքերը և բացահայտել դրանց գաղտնիքները:

 

Օգտակար աղբյուրներ ռուսերենով՝

Օգտակար աղբյուրներ անգլերենով՝

Տեսանյութեր և ֆիլմեր՝

10-րդ դասարան։ Թեմա 1. Քաղաքակրթություններ

Ընդհանուր սահմանում

Քաղաքակրթյուն բառը (անգլերեն՝ civilization), ծագում է լատիներեն civilis բառից, որ ունի «քաղաքացիական» (անգելերն՝ civil) նշանակությունը, civis բառից՝ «քաղաքացի» և civitas բառից՝ «քաղաք»:

Տասնիներորդ դարի վերջում, քսաներորդ դարի սկզբում, Եվրոպացի գիտնականների մեջ տարածված էր այն կարծիքը, որ մարդկային բոլոր համայնքները ուղղագիծ առաջընթացի (straightforward progression) մեջ են և այդ առաջընթացի հետ զուգահեռ հասարակության պայմաններն աստիճանաբար բարելավվում էին։

Նրանք կարծում էին, որ որպես այս փոփոխությունների մասնակից  հասարակություններն անցել են տարբեր փուլերի միջով, դրանք են՝ վայրենությունը, բարբարոսությունը և վերջապես՝ քաղաքակրթությունը։

Քաղաքակրթությունը, այս ենթատեքստում, հասկացվում էր որպես մարդկային հասարակության երկար ճամփորդության վերջին կանգառը։

Այս հասարակական զարգացման տարբեր փուլեր վերագրում էին մարդկային կոնկրետ համայնքների. Պալեոլիթյան և մեզոլիթյան որսորդական-հավաքչական համայնքները համարվում էին վայրենության փուլի ներկայացուցիչներ, նեոլիթյան և բրոնզե դարաշրջանի ֆերմերները՝ բարբարոսական, և վերջապես, Բրոնզե դարի քաղաքական համայնքները (հատկապես՝ Մերձավոր արևելքի) համարվում էին քաղաքակիրթ աշխարհի վաղ փուլը։

Այսօր՝ քսանմեկերորդ դարում շատ տարբեր մարդիկ քաղաքակրթությանը տալիս են շատ տարբեր սահմանումներ:

Ընդհանուր առմամբ՝ քաղաքակրթություն այն խումբն էր, որի մեջ մարդիկ ապրում էին ոչ թե փոքրիկ ցեղերով կամ ընտանիքներով, այլ մեծ, կազմակերպված խմբերով, որոնք սովորաբար ունեին ընդհանուր օրենքներ, մշակույթ, գյուղատնտեսություն, կառավարման համակարգ: Նրանք խոսում են նույն լեզվով, սովորաբար ունեին ընդհանուր կրոն: Շումերներից, Եգիպտացիներից սկսած՝ բոլոր քաղաքակրթություններն ունեին ինչ-որ տեսակի գիր:

Մարդկային մշակույթի իդեալական վիճակ, որ բնութագրվում է բարբարոսության ու ոչ ռացիոնալ պահվածքի ամբողջական բացակայությունով, ֆիզիկական, մշակութային, հոգևոր, մարդկային ռեսուրսների օպտիմալ օգտագործումով, անհատի՝ հասարակության մեջ ազատ ինքնադրսևորումով։

 

Թեմա 2. Ստորջրյա քաղաքակրթություն

Թեմա 3. Դելֆինների քաղաքակրթություն

Թեմա 4. Թզուկների քաղաքակրթություն

Ի՞նչ է պատմությունը

Հարգելի ընթերցող, շատ տեքստերում դու կգտնես «Պատմություն»  գիտության բացատրությունն առ այն, որ այն գիտություն է, որն ուսումնասիրում է անցյալը: Սակայն թույլ տվեք չհամաձայնել այդ բացատրության հետ և Ձեզ ներկայացնել  մի փոքր այլ մեկնաբանություն, որը վերաբերում է պատմությանն ընդհանրապես:

Պատմություն բառը (հունարեն-ἱστορία) առաջացել է Հին Հունաստանում: Բառը սկզբնապես ունեցել է հետևյալ նշանակությունները` հարցում, ճանաչում, վերականգնում: Հետագայում` ավելի ուշ, այն դարձել է  առանձին գիտության անվանում: Պատմությունը գիտելիքների շրջանակ է հասարակագիտական գիտությունների շարքում: Այն զբաղվում է մարդու, ընդհանրապես նրա գործունեության ուսումնասիրությամբ (գործունեություն, կարգավիճակ, աշխարհայացք, սոցիալական կապեր, մարդկային կազմակերպման ձևեր և այլն):

Առավել նեղ առումով պատմությունը  գիտություն է, որն ուսումնասիրում է բոլոր հնարավոր աղբյուրներն անցյալի մասին, որպեսզի վերականգնի դեպքերի հետևանքները, պատմական գործընթացները, անի հետևություններ պատճառների մասին և անհրաժեշտության դեպքում կանխարգելի դրանք ապագայում:

Պատմությունը գիտություն չէ մահացածների մասին: Պատմությունն անցյալական  չէ: Ինչպես ասում է հայտնի մտածողը` լավագույն ուսուցիչը պատմությունն է, վատագույն աշակերտները` մենք, որ պատմությունից ոչինչ չենք սովորում:

Տարբեր ժամանակաշրջաններում պատմության վերաբերյալ ընկալումները եղել են տարբեր: Սակայն այն սկզբնական ձևի մեջ դիտարկվել է  որպես ցանկացած տիպի հետազոտություն: Մեր խնդիրն է`  ընթերցողին հասցնել այդ սկզբնական ձևը, երբ վերանալով անգիրի տիպաբանությունից` ընթերցողը կարող է ինքնուրույն հետազոտել, համադրել, վերլուծել, եզրակացնել:

Պատմությունն ունի մի շարք օժանդակ գիտություններ, որոնք են` ազգագրություն, հնագիտություն, մշակութաբանություն, սոցիալ-մշակութային մարդաբանություն, դրամագիտություն և այլն:

Մաղթում ենք բարի ընթերցանություն այս բլոգում:

Եվ հիշեք. անցյալը հիշեցնում է, ներկան փախչում է, իսկ ապագան` վախեցնում:

Վահրամ Թոքմաջյան

Ներածություն

Հարգելի սովորող, ներկայացնում ենք Այլընտրանքային պատմության բլոգը, որը կարող է այլընտրանք հանդիսանալ այն դասագրքին, որով դու այսօր ուսումնասիրում ես այդ դասընթացը: Մենք չենք փորձի ծանրաբեռնել այն թվերի խայտաբղետ բազմությամբ: Մեր խնդիրն է քեզ տալ ինքուրույն մտածելու, տրամաբանելու, վերլուծելու, փնտրելու և գտնելու ցանկություն: Այս բլոգում դու չես տեսնի այն ծանրաբեռնված, երբեմն` միակողմանի, երբեմն` ոչինչ չասող տեքստերը: Դու պարզապես կկարողանաս նավարկել տեսակետների աշխարհում և դրանցից բխեցնել քո եզրակացությունները, որը յուրաքանչյուր սովորողի անքակտելի իրավունքն է: